ԽԱՂԱԼՈՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԻ ՎՐԱ...
«Դժվար է մարդուն ստիպել հասկանալու ինչ-որ բան, եթե նրան վճարում են, որպեսզի նա ոչինչ չհասկանա»։
Էպտոն Սինկլեր
Ամերիկյան հայտնի գրողի այս դիտարկմանը որպես լրացում կարելի է նշել, որ հայաստանյան քաղաքական տեխնոլոգիաներն այդ ուղղությամբ մինչ օրս աննախադեպ առաջընթաց են ապրել։ Հայաստանի խորհրդարանում նստած մարդկանց այսօր վճարում են ոչ միայն չհասկանալու համար, այլև որպեսզի անհրաժեշտ պահին դեմքի արտահայտությունը համապատասխանեցնեն առկա հանգամանքներին։ Օրինակ, խորհրդարանում ելույթ է ունենում երկրի նախագահը, և «ժողովրդի ծառաների» դեմքին անմիջապես նկատվում են բուռն զգացմունքային դրսևորումներ. նրանք մտահոգված են երկրի ու ժողովրդի ճակատագրով, վճռական՝ կոռուպցիայի դեմ պայքարում, հիացած են բարեփոխումների առաջընթացով և այլն։ Եվ այդ ամենն այն դեպքում, երբ վճարում են չհասկանալու համար, և այդ կարգախոսը միակն է, որ երբևէ տատանում չի ապրում իշխանական վերնախավի գիտակցության մեջ։ Դրա համար էլ դահլիճը ծափահարում է` երբ պետք է, և լռում՝ լուրջ դեմք ընդունելով։ Հակառակ դեպքում նախագահ և վարչապետ Սարգսյանների՝ համակարգային բարեփոխումներ անցկացնելու և կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու հայտը կամ պետք է դառնա ինքնամաքրման սկիզբ, կամ էլ առաջացնի դիմադրություն։ Բայց մենք գիտենք, որ այլընտրանքային ուժի կենտրոնի առկայության պայմաններում խորհրդարանականներն ուրախությամբ կդավաճանեն նախկին կուռքին, ինչպես եղել է ոչ մեկ անգամ։
Ներկա իրավիճակում նույնիսկ ամենաբարի ցանկությունները, որ կարող են արտահայտվել կլանային-օլիգարխիական լսարանում, դառնում են միամտության դրսևորում կամ վերածվում ծաղրանքի՝ հասարակական կարծիքի նկատմամբ։ Սերժ Սարգսյանն այսօր շարունակում է գործել «քաղաքականությունը հնարավորի արվեստն է» սկզբունքից ելնելով և, դատելով ամենից, դեռ բավարար ուժեր չի կուտակել վճռական գործողությունների համար։ Ինչն անհամբեր սպասում է նախագահից բնակչությունը, ու միայն այդպիսի գործողությունները կարող են ամրապնդել «ազգային լիդերի» նրա հեղինակությունը։ Ավելին, միայն այս միջոցով կարելի է ամրապնդել իշխանություն կրողի դիրքերը կառավարման համակարգի զոմբիացված կոհորտայի ներսում, որի համար արժեք ունեն ոչ թե ընդարձակ ելույթները, այլ ուժային փաստարկները, որոնք արտահայտվում են դատախազության և հարկային մարմինների ծանուցագրերի ձևով։ Եվ միայն այդ ժամանակ կհասունանա գիտակցությունը, թե ով է տան տերը։
Նկատենք նաև, որ ներկա կլանային համակարգի ճարտարապետն ու կնքահայրը հանդիսացող Ռոբերտ Քոչարյանը վերջերս հավաստիացնում էր հանրությանը, որ «առնվազն հիմա» մտադիր չէ վերադառնալ քաղաքականություն։ Այս հանգամանքն ինքնին մեծացնում է կարոտախտը որոշակի շրջանակներում՝ նրա կառավարման ժամանակաշրջանի հետ կապված։ Բազմիցս կարելի է լսել տարբեր իշխանական շրջանակներում, որ ներկայիս իշխանությունը փորձում է բոլորին դնել համակարգի մեջ այն դեպքում, երբ նախորդն ուղղակիորեն տեր էր կանգնում։ Իսկ պահանջարկի առկայությունը, որպես կանոն, առաջարկ է ծնում, ու, անկախ հայտարարության անկեղծության աստիճանից, ակնհայտ է, որ Քոչարյանի վերջին ելույթը, փաստորեն, հանգեցրեց քաղաքական դաշտում նրա վերահաստատման։ Թեպետ խնդիրները դրանով չեն վերջանում, այլ ավելի շուտ սկսվում են։ Ավելին, եթե դատելու լինենք իբր Մոսկվայից տարածվող որոշակի լուրերով, ռուսական որոշակի շրջանակներ շարունակում են հովանավորել նախկին նախագահին, անկախ նրանից, որ այս փուլում նրա «հայտնությունը» չի նպաստում վերջնական նպատակի իրագործմանը՝ իշխանությանը վերադառնալուն։ Այդ իսկ պատճառով այսօր դաշտում ավելի շատ ընդգծվում են նրա կողմից հովանավորվող անձինք։
Այդ շղթայում առավել նշանակալից դրսևորումը Հովիկ Աբրահամյանի նշանակումն էր պետության երկրորդ դեմքի պաշտոնում՝ նրան հանձնելով հիմնական խորհրդարանական «մանիպուլյատորի» գործառույթները։ Ընդ որում, ցանկացած պարագայում ոչ միայն վաղաժամ, այլև բացարձակապես անհեռանկար է խոսել Ազգային ժողովի հեղինակության բարձրացման հարցում նրա դերակատարության մասին։ Բայց «վճարվել և չհասկանալ» կարգախոսի հաստատմանը, Ազգային ժողովի ժպտերես նախագահն անկասկած նպաստում է։ Արդյունքում նվազել են այն որոշ մտահոգությունները, որ առկա էին օլիգարխիայի ներսում, թե պետությունն իր բոլոր ինստիտուտներով ցանկության դեպքում կարող է ցանկացած պահի վնասել իրենց, շատ անգամ ոչ այնքան օրինական բիզնեսին։ Փաստորեն, սկսվում է նախկին համակարգի վերակենդանացման գործընթացը՝ իր գրված, իսկ հաճախ չգրված օրենքներով ու կանոններով, իրական քաղաքական իշխանության մեջ գոյություն ունեցող հիերարխիայի ոչ պաշտոնական ձևերով։ Միայն այս իրողությամբ կարելի է բացատրել ԲՀԿ-ի ղեկավարի և Քոչարյանի վաղեմի համախոհ Գագիկ Ծառուկյանի, ինչպես նաև մարզպետ Սուրեն Խաչատրյանի արտահայտությունները վերահսկիչ պալատի նախագահի վերաբերյալ։ Հայկական քաղաքականության հայելապատկերում վաղուց ի վեր գործող և համապատասխան փորձառություն ձեռք բերած այս գործիչները չէին կարող գլխի չընկնել, որ «կոռուպցիոն հրեշի» դեմ հրահանգը, անկասկած, տրվել է պետության առաջին դեմքի մակարդակով և, չնայած դրան, Ալեքսանդր Մատրոսովի» ոչ պակաս մղումով նետվեցին իրենց շրջապատի «բարի անունն ու արժանապատվությունը» պաշտպանելու։ Կասկածելի է, որ պատվի օրենսգիրքը նրանց մղեց այդպիսի համարձակության։ Ավելի տրամաբանական և բնական ենթադրություն է, որ կառավարման համակարգում նախկին հարաբերությունների վերականգնմամբ շահագրգիռ ինչ-որ մեկը, որ դեռևս բավական ուժեղ է, դրդել է նրանց փորձության ենթարկելու իշխանության ամրությունը։
Սակայն եթե այդ դրվագում գործողությունները զարգանում էին բավական պարզունակ սցենարով, ապա նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի վերահայտնվելն ասպարեզում՝ «Սիվիլտաս» ֆոնդի ղեկավարի կարգավիճակով, արդեն ավելի նուրբ տեխնոլոգիաների շարքից է։ Չմոռանանք, որ նա Քոչարյանի վարչակազմի այն սակավաթիվ գործիչներից է, որը հանրության շրջանում քիչ թե շատ բարձր վարկանիշ ուներ և համարվում էր ամենաքիչ կոռումպացված չինովնիկներից մեկը։ Համապատասխանաբար նրա հայտարարությունները, մանավանդ այնպիսի հարցի վերաբերյալ, ինչպիսին հայ-թուրքական հարաբերություններն են, համահունչ են բնակչության որոշակի հատվածի տրամադրություններին։ Իրեն բնորոշ նրբությամբ և դիվանագիտորեն նախկին արտգործնախարարը, փաստորեն, կոշտ քննադատության ենթարկեց իր ոչ վաղեմի գործընկերոջ, երկրի ներկա նախագահի գործողությունները։ Ավելին, հայտարարելով. «Ես ցավով եմ ընդունում այն փաստը, որ Թուրքիայի հետ սահմանի բացումը կապվում է Ղարաբաղի հարցի և հարակից տարածքների հետ», նախկին արտգործնախարարը նկատեց, որ Հայաստանի իշխանություններն իրենց գործողություններով չպիտի նպաստեն նման անցանկալի հայտարարությունների երևան գալուն։ Ընդ որում, Վարդան Օսկանյանը հատուկ ընդգծեց, որ Հայաստանի համար անընդունելի պիտի լինի բանակցությունների ցանկացած ձևաչափ, որտեղ հնարավոր է կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության փաստը, և որ այդ հարցում անհրաժեշտ է գործել շատ զգույշ, միաժամանակ հույս հայտնելով, թե Սերժ Սարգսյանի հայտարարությունն այդպիսի հանձնաժողովի ստեղծման հնարավորության մասին ընդամենը վրիպում էր։ Եվ, այնուհանդերձ, ըստ նախկին արտգործնախարարի, դա Թուրքիայում և արտաքին աշխարհում մշուշոտ հույսեր է առաջացրել, մինչդեռ «մենք չպետք է Թուրքիային խաղաքարտեր տանք, դա մեզ ոչ մի լավ բանի չի հասցնի»։ Նույնիսկ արմատական ընդդիմությունն այդպիսի ձևակերպումներ թույլ չէր տվել իրեն երկրի ղեկավարի արտաքին քաղաքականության նկատմամբ՝ խաղալով բնակչության զգացմունքների վրա և միաժամանակ հետ քաշվելով այդ արտաքին քաղաքական կուրսի հետ որևէ առնչությունից։ Նկատի ունենանք, որ «Ղարաբաղը վաճառում են» կարգախոսը դեռևս մեծ ներուժ ունի ցանկացած իշխանության դեմ՝ լայն համախմբման հիմք դառնալու համար։ Ընդ որում, բացարձակապես հասկանալի չէ, թե ինչպես կգործեին այս նոր աշխարհաքաղաքական իրավիճակում նույն Վարդան Օսկանյանն ու Ռոբերտ Քոչարյանը՝ Վրաստանում հայտնի իրադարձություններից հետո։ Բոլորովին չի բացառվում, որ նրանց՝ իշխանության գտնվելու դեպքում Կրեմլից իջեցված դիրեկտիվների արդյունքում մենք կվատթարացնեինք հարաբերությունները ևս մեկ հարևան պետության հետ։ Եվ, այնուհանդերձ, պետք է ընդունել, որ նոր քաղաքական կարգավիճակ ձեռք բերելու այս հայտն իրականացված է բավականին հմտորեն։
Այսպիսով, ինչ էլ հայտարարի երկրի նախկին նախագահը, նրա շրջապատի աննախադեպ ակտիվացումը խոսում է բոլորովին այլ մտադրությունների մասին։ Եվ թեկուզ գործող իշխանությունը խիստ լռություն է պահպանում այս հարցում, այդ հանգամանքը, միևնույն է, չի կարող չանհանգստացնել գործող վարչակազմին։ Մանավանդ որ Քոչարյանն իրական հենարաններ ունի ոչ միայն խորհրդարանում և քաղաքական կուսակցություններում, այլև գործադիր իշխանության մի շարք ճյուղերում։ Այդ կապակցությամբ հետաքրքիր է և հետևությունների տեղիք է տալիս այն, որ վերջին ժամանակներս ստուգումներ են անցկացվում ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի պատասխանատվության ներքո գտնվող նախարարություններում, քանի որ դրանք կոալիցիայի առավել քոչարյանամետ կուսակցություններն են։ Թեպետ առայժմ իշխանությունը կարծես սահմանափակվում է կանխարգելիչ միջոցառումներով։
Սերժ Սարգսյանի խորհրդարանական ելույթից հետո ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ իր ուղերձում նախագահը միջնորդավորված քննադատեց Ռոբերտ Քոչարյանի քաղաքականությունը։ Ըստ Սաֆարյանի, գործող նախագահն արտաքին քաղաքականության մասին խոսելով` նշեց, թե հավասարակշռությունն ու կայունությունը, որոնց իբր կողմնակից էր Քոչարյանը, կարող են հանգեցնել լճացման։ «Ժառանգության» ներկայացուցչին շատ հոգեհարազատ էր թվացել նաև պետության և քաղաքացու մերձեցման գաղափարը, ինչին նախորդ իշխանությունն առանձնակի ուշադրություն չէր դարձնում։ Սակայն միաժամանակ փաստ է, որ ժողովրդին անհրաժեշտ են ավելի շոշափելի փաստարկներ՝ քաղաքական կուրսի փոփոխության առումով։ Թեկուզ հարաբերական վստահության մթնոլորտի հաստատումը կարող է դառնալ կայունության միակ գրավականը Հայաստանում, եթե նկատի ունենանք, որ ողջ տարածաշրջանի համար ընթանում է շատ լուրջ պայքար։ Եվ եթե թվում է, թե այսօր դեռ շուտ է կտրուկ գործողությունների դիմելու համար, վաղը կարող է ուշ լինել։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ